ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Պուտին-Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն

Պուտին-Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն
28.08.2026 | 23:50

Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան առաջիկա հանդիպումը Բիշքեկում տեղի է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների թերևս ամենախոր ճգնաժամերից մեկի պայմաններում։

Երկու երկրների հարաբերություններում գրեթե չեն մնացել ուղղություններ, որտեղ հնարավոր է արձանագրել շոշափելի քաղաքական արդյունք կամ վստահության վերականգնում։

Հանդիպման օրակարգի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստվում է Երևանի հետ քննարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցը։

Ուշակովը հայտարարել է, որ քննարկվելու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը և ԵԱՏՄ-ին անդամակցության հետ դրա համատեղելիությունը։ Մոսկվայի դիրքորոշումը բավական կոշտ է․ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ անդամակցության և շարունակել օգտվել ԵԱՏՄ շրջանակում համագործակցության տնտեսական առավելություններից։

Սա նշանակում է, որ Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել՝ խոսելով արտաքին քաղաքական «հավասարակշռման» և «այլընտրանքների ձևավորման» մասին։

Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը միայն արտաքին քաղաքականությամբ չի սահմանափակվելու։

Ուշակովը բաց տեքստով հայտարարել է, որ Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հատկապես առանձնացնելով նրանց, ովքեր հանդես են եկել հայ-ռուսական ավանդական հարաբերությունների վերականգնման օգտին։

Այս հայտարարությունը կարևոր է երկու առումով։

Նախ՝ Մոսկվան Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր դժգոհությունը բարձրացնում է պետության առաջին դեմքերի բանակցությունների մակարդակ։

Երկրորդ՝ Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների թեման աստիճանաբար ձեռք է բերում նաև արտաքին քաղաքական բաղադրիչ՝ դառնալով հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարց։

Այս ամենին նախորդել է Փաշինյանի վերջին ճեպազրույցը, որի ժամանակ նա, ըստ էության, արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը՝ կրկին հղում անելով 2022 թվականի հայտնի իրադարձություններին։

Մոսկվայի արձագանքը նույնպես կոշտ է եղել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Փաշինյանին ուղղված հրապարակային գրառմամբ, նրան մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու և այն Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, նախկին իշխանությունների, Եկեղեցու, հայ գործարարների ու Արցախի հայերի վրա բարդելու մեջ։

Գործ ունենք քաղաքական վստահության համակարգային ճգնաժամի հետ։

Հենց այս պատճառով Բիշքեկի հանդիպումից բեկում ակնկալելը չափազանց լավատեսական կլինի։ Դրա համար այսօր բացակայում են թե՛ քաղաքական նախադրյալները, թե՛ փոխադարձ վստահությունը, թե՛ հարաբերությունների ապագայի վերաբերյալ ընդհանուր ռազմավարական պատկերացումը։

Ավելին՝ կողմերը Բիշքեկ են գնում սկզբունքորեն տարբեր քաղաքական մոտեցումներով։

Երևանը փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և ընդլայնել արևմտյան ուղղությունը, իսկ Մոսկվան արդեն բաց տեքստով պահանջում է հստակեցնել, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ին ինտեգրումն ու ԵԱՏՄ-ում իր հետագա ներկայությունը։

Հետևաբար, Պուտին-Փաշինյան հանդիպման իրատեսական առավելագույն արդյունքը կարող է լինել ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների վերականգնումը, այլ ճգնաժամի ժամանակավոր կառավարումը, թույլ չտալով, որ առկա հակասությունները կարճաժամկետ հեռանկարում վերածվեն բաց քաղաքական կամ տնտեսական առճակատման։

Դա ընդամենը ժամանակ շահելու հնարավորություն է։

Պուտին- Փաշինյան հանդիպումը կարող է ևս մեկ անգամ ցույց տալ, թե կողմերը որքան են հեռացել այն հարաբերություններից, որոնք դեռ ոչ վաղ անցյալում պաշտոնապես բնութագրվում էին որպես ռազմավարական և դաշնակցային։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ